Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկան» շուտով վերածելու է «Պրոսպեկտ մոլի»։ Թեեւ այս մասին տեղեկությունները պաշտոնապես հերքվում են, սակայն արդեն տեղեկատու համակարգերում եւ սոցիալական ցանցերում առկա է «Պրոսպեկտ մոլի» մասին տեղեկատվություն եւ համապատասխան էջ։ Այսպես, «Սփյուռ» տեղեկատու համակարգում կարելի է գտնել «Պրոսպեկտ մոլը» եւ զանգահարելով այդ հեռախոսահամարով՝ հեռախոսավարը անմիջապես կասի «Փակ շուկա»։ Ըստ որում՝ պարտադիր չէ, որ հեռախոսավարը իմանա, թե ինչու է «Փակ շուկան» ներկայացված «Պրոսպեկտ մոլ»։
Դրանից բացի՝ հունվարի 30-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւս առկա է «Պրոսպեկտ մոլ» էջը, որը, ինչպես նշված է գովազդային հոլովակում, շուտով բացվելու է Մաշտոցի 5 հասցեում, աշխատելու է ժամը 10.00-22.00։ Ապագա «մոլի» էջում ներկայացված են այն բրենդները, սննդի եւ զվարճանքի կենտրոնները, որոնք լինելու են։ «Փակ շուկայի» «Պրոսպեկտ մոլ» վերածվելու մասին վկայում է նաեւ էջում առկա «Փակ շուկա» սուպերմարկետի ակցիաների մասին առկա տեղեկատվությունը, ինչպես նաեւ «Ծածկած շուկայի» լուսանկարները։
Հիշեցնենք, որ «Փակ շուկան» վերանորոգելը եւ այն սուպերմարկետ դարձնելը ամիսներ շարունակվել ուղեկցվել է թեժ բողոքի ակցիաներով։ Փաստորեն դրանից ընդամենը ամիսներ անց պատգամավորը որոշել է ետ չմնալ եւ մի «մոլ» էլ ինքը բացել։
Ի դեպ, բոլորովին վերջերս ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մասնակցել էր «Երեւան մոլի» բացմանը՝ պատճառաբանելով, թե «Լավ շինություն ա սարքած, եկել ենք նայենք, հրավերք կար»: Հարցին, թե ինչպե՞ս է գործարար աշխարհը «Երեւան մոլի» հետ պատրաստվում պայքարել, արդյոք «Երեւան մոլին» մրցակից չի՞ համարում, Սամվել Ալեքսանյանը պատասխանել էր. «Ես բիզնեսով չեմ զբաղվում»: Իսկ Ձեր կնոջ բինզեսի համար չե՞ք մտահոգվում հարցին էլ պատասխանել էր, որ իր կինն էլ արդեն բիզնեսով չի զբաղվում, եւ որ ընտանիքով արդեն հրաժարվել են բիզնեսով զբաղվելուց:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ ««Փակ շուկայի» երկրորդ հարկի շինարարությունը մինչ օրս չի ավարտվել, որի ավարտից հետո, ըստ շրջանառվող լուրերի, բացվելու է «Պրոսպեկտ մոլ» խանութների ցանց, որտեղ կկենտրոնանան մի շարք բրենդային խանութներ:
«Ժամանակի» հարցին ի պատասխան «Փակ շուկայի» շենքի պատասխանատու Ռազմիկ Դավթյանն ասել էր, որ իրականում երկրորդ հարկում լինելու են խանութներ, որտեղ վաճառվելու են հագուստ եւ այլ պարագաներ, սակայն դա չի կոչվելու «Պրոսպեկտ մոլ»: «Առաջին անգամ եմ լսում «Պրոսպեկտ մոլ», իրականում նման հասկացություն չկա, ինչի՞ մասին է խոսքը, օրինակ՝ Կոմիտասի «Երեւան Սիթի»-ի երկրորդ հարկում շորերի խանութներ կան, բայց հո «Կոմիտաս մոլ» չե՞նք ասելու»,- հավելել է նա: Այդ ժամանակ թերթը գրել էր, որ Facebook-ում բացվել էր «Պրոսպեկտ մոլ» խումբ, որն այլեւս չկա, մինչդեռ այս էջում անգամ հեռախոսահամար է եղել, որի միջոցով հնարավոր էր տարածք պատվիրել»։ Այժմ որեւէ հեռախոսահամար չկա, բայց մարդիկ հետաքրքրվում են աշխատատեղերով եւ նրանց պատասխանում են եւ ուղղորդում նամակ ուղարկել։
































