Միասնական քննչական կոմիտեի ձեւավորումից հետո հնարավոր է նոր համակարգ տեղափոխվի նաեւ Պաշտպանության նախարարության Քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը: Իր տեղափոխվելու, նոր կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին NEWS.am-ը զրուցել է Արմեն Հարությունյանի հետ:
Պարոն Հարությունյան, տեղեկություններ կան, որ քննչական մարմինները նույն կազմով են տեղափոխվելու նորաստեղծ կոմիտե , Ձեզ ի՞նչ է սպասվում, Դուք էլ եք տեղափոխվելո՞ւ, նման հարց քննարկվե՞լ է:
Նման հարց չի քննարկվել, սակայն քննչական կոմիտե ձևավորվելուց հետո նպատակահարմար եմ գտնում իմ հետագա ծառայությունը շարունակել քննչական կոմիտեում:
Սկզբում կոմիտեի ստեղծման նպատակը անկախ քննություն իրականացնելն էր, եթե գերատեսչությունների համապատասխան մարմինները համապատասխան ղեկավար կազմով են տեղափոխվում, արդյոք դա բացասաբար չի ազդելու անկախության սկզբունքի վրա:
Քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ քննչական կոմիտեի նախագահին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակելու է ՀՀ նախագահը, այնուհետև կոմիտեի նախագահը՝ կոմիտեի կառուցվածքը և պաշտոնների անվանացանկը հաստատելուց հետո նշանակումներ է կատարելու քննչական ծառայության մյուս պաշտոններում: Օրենքի նախագծի որևէ հոդված նման դրույթ չի պարունակում, ըստ որի համապատասխան մարմինների համապատասխան ղեկավար կազմը մեխանիկորեն տեղափոխվելու է նորաստեղծ քննչական կոմիտե: Թեև համոզված եմ, որ Ձեր նշած համապատասխան մարմինների ղեկավար կազմը ունի և ընդհանուր մասնագիտական, և մասնավորապես քննչական աշխատանքի անհրաժեշտ փորձ, և անհրաժեշտ գիտելիքների բարձր մակարդակ:
Կցանկանամ նշել նաև, որ քննչական կոմիտեի ձևավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նախաքննության մարմինների անկախությունն ամրապնդելու այլ ոչ թե անկախություն ստեղծելու, ինչպես նաև քրեական գործերով նախաքննության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով: Ինչ վերաբերում է քննության անաչառությանը, ապա հավաստիացնում եմ, որ այդ համապատասխան ղեկավարների մոտ այն երբևէ չի էլ բացակայել:
Ըստ Ձեզ, ի՞նչ ակնհայտ տարբերություններ կլինեն այս մարմնի ստեղծումից հետո, քննչական գործողությունների որակի բարելավմանը ի՞նչն է հատկապես նպաստելու:
Միասնական քննչական կոմիտեի ձևավորումը դասական առումով հնարավորություն կտա ապահովել. նախաքննության մարմինների անկախության ամրապնդումը, միասնական քննչական պրակտիկա, միասնական կադրային ռեզերվ, կադրերի միասնական միատեսակ պատրաստում, վերապատրաստում, որակավորում, միասնական և միատեսակ վարձատրության մեխանիզմ, սոցիալական երաշխիքներ, կենսաթոշակային ապահովում, կենտրոնացված նյութատեխնիկական բազա, միասնական և միատեսակ համագործակցություն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, փորձագիտական և այլ հիմարկների հետ, միասնական և միանման միջազգային համագործակցություն, միասնական մեխանիզմ՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար:
Պարոն Հարությունյան, սկզբում նախատեսված էր մի քանի գերատեսչությունների քննչական մարմինների միավորումը մեկ կոմիտեում, սակայն ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՊԵԿ-ը չընդգրկվեցին: Այս դեպքում արդյոք նպատակահարմա՞ր է միայն ՊՆ-ի եւ ոստիկանության քննչական մարմինների միավորումը:
Քննչական կոմիտեն ձևավորելը միայն երկու նախաքննության մարմինների միավորմամբ պայմանավորված է երկու կարևոր գործոններով. առաջինը՝ հենց այդ մարմիններում է քննվում Հայաստանի Հանրապետությունում հարուցված քրեական գործերի շուրջ 95 տոկոսը, երկրորդ՝ այս երկու մարմիններն են, որ ունեն քննիչների ամենաշատ թվակազմը և տարածքային քննչական ստորաբաժանումներ: Համոզված եմ, որ հետագայում՝ արդեն իսկ գործունեության փորձ ձեռք բերած քննչական կոմիտեում կներգրավվի այսօր գործող նախաքննության մարմիններից առնվազն ևս մեկը՝ ՊԵԿ-ի քննչական վարչությունը:




























