«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Վանաձոր համայնքի բյուջեն 13 միլիոն դրամի չափով արգելանքի տակ է քաղաքապետ Սամվել Դարբինյանի պարտքի պատճառով:

2007 թվականից քաղաքապետը 12 ընտանիքների հետ պայմանագրեր է ստորագրել Վանաձորում կառուցվող էլիտար շենքում նրանց բնակարաններով ապահովելու կամ համարժեք դրամական փոխհատուցում տալու մասին: Պայմանագրի գործողության ժամկետները նրա կողմից մի քանի անգամ փոփոխվել են, երկարաձգվել ու չեն կատարվել:

2009-ից քաղաքապետ Դարբինյանը դատական վեճերի մեջ է այդ բնակիչներից մեկի հետ, որի հետ նաեւ առանձին հաշտության համաձայնագիր ունի՝ համայնքի բյուջեից 13 մլն դրամի փոխհատուցման մասին, եւ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով իր այդ պարտավորությունը նույնպես չկատարելու պատճառով այժմ արգելանքի տակ է դրված համայնքային բյուջեն:

Այս ամբողջ պատմության մասին համայնքի նախկին եւ ներկայիս ավագանու անդամները մամուլից են տեղեկացել: Տեսնելով, որ իր գաղտնի գործարքներն այլեւս բացահայտված են, քաղաքապետ Դարբինյանն երեկ կայացած ավագանու նիստում հայտարարություն արեց՝ պարզ նշելով, որ ի սկզբանե էլ միտք չի ունեցել բնակիչներին փոխհատուցել բնակարանների փոխարեն. նրանց հետ կնքված պայմանագրերը պարզապես ժամանակ երկարաձգելու նպատակով են կնքվել:

Բայց ամենակարեւորը՝ քաղաքապետը խոստովանեց, որ «շրջանցել է ավագանու՝ բյուջեի իրավասությունը» եւ, փաստորեն, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում