ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինային մեկ միլիարդ դոլար գումար հատկացնելու հնարավորությունը` տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն աջակցելու համար, հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Ըստ նրա` ԱՄն-ն դիտարկում է նաեւ Ուկրաինային աջակցելու այլ հնարավորություններ:
Այժմ անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ օգնել Ուկրաինային, նշել է Քերրին` ելույթ ունենալով Պետդեպարտամենտում:
Քերրին նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը «լուրջ սխալ» կլիներ:
«Այնպիսի երկրի համար…. որը հաճախ է ելույթ ունենում Լիբիայում, Սիրիայում եւ այլուր օտարերկրյա միջամտության դեմ, շատ կարեւոր է դա հաշվի առնել` Ուկրաինայի պետության ինքնիշխանության վերաբերյալ քաղաքականություն մշակելիս», - ասել է պետքարտուղարը:
Սակայն, հավելել է նա, Ուկրաինայի ժամանակավոր իշխանության համար էլ անհրաժեշտ է արագ բարեփոխումներ կատարել, հաղթահարել կոռուպցիան եւ արդար ու ազատ ընտրությունների նախապատրաստվել:
Քերրին հավելել է, որ ԵՄ-ն նույնպես դիտարկում է Ուկրաինային 1,5 միլիարդ դոլար պարտք տրամադրելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել էր, որ Ուկրաինան Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պայքարի առարկա չէ: Ըստ նրա` բոլոր առաջատար երկրները պետք է ձգտեն Ուկրաինայում համատեղ ջանքերով կայունություն հաստատել:




























