Ռուսաստանի ՊՆ ստորաբաժանումները եւ զորամասերը Արեւմտյան եւ Կենտրոնական ռազմական օկրուգների ռազմական պատրաստության ստուգման շրջանակներում սկսել են լայնամասշտաբ շարժ իրականացնել: Այդ գործողությունները անցկացվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով:

«Արեւմտյան եւ Կենտրոնական ռազմական օկրուգների մի շարս ստորաբաժանումներ եւ զորամասեր հրաման են ստացել տեղաշարժվել ավելի քան հազար կմ»,-հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ռազմական պատրաստվածության ստուգման հիմնական խնդիրը հրամանատարների եւ շտաբների գործողությունների գնահատականն է՝ զորքերը բարձր մարտական պատրաստվածության բերելու եւ դեպի կենտրոնացման շրջաններ տեղաշարժելու ընթացքում:

Ընդհանուր առմամբ՝ ստուգմանը մասնակցում է Զինված ուժերի տարբեր զորքերի մոտ 150 հազար զինծառայող: Կգործարկվի 90 օդանավ, ավելի քան 120 ուղղաթիռ, մոտ 880 տանկ, ավելի քան 1200 միավոր ռազմական տեխնիկա, մինչեւ 80 նավեր:

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները որեւէ կերպ կապ չունեն Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակի հետ: Դրանք ուղղված են բացառապես ռուսական զորքերի պատրաստվածության ստուգմանը:

Զորքերի պատրաստվածության ստուգման գործողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին մինչեւ մարտի 3-ը: