ԿԳՆ պատշգամբից ցած նետված Բնապահպանության նախարարության աշխատակից 22-ամյա Հայկ Հայրապետյանի ինքնասպանության գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Քրեական գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, ըստ այդմ՝ քրեական գործ չի կարող հարուցվել կամ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:

Հիշեցնենք, որ  22-ամյա Հայկ Հայրապետյանի գործընկերները հարցաքննվել են: Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը նշել էր, որ իրավապահները մինչեւ այսօր իրեն չեն հանդիպել, անգամ Հայկի հեռախոսը իրեն չեն տրամադրել, որպեսզի իմանա, թե վերջին անգամ ում է զանգել եւ ում հետ է խոսել: «Միայն անձնագիրն է մեզ մոտ, որովհետեւ Երեւանի տանն էր մնացել: Բանկոմատի քարտն էլ չկա»,- նշել էր Հայկի հայրը եւ ավելացրել, որ մինչ օրս փորձաքննության պատասխաններն էլ չեն ստացել: Հայկը  Հայրապետյանը Բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից էր: Գործընկերները նրան բնութագրում են որպես պարտաճանաչ աշխատակից: