Անհայտ ակտիվիստները մեքսիկական Սինալոա նահանգի քաղաքներում օրերս կալանավորված ամենափնտրվող հանցագործ, «Գաճաճ» մականվամբ հայտնի Խոակին Գուսման Լոհերի ազատման քարոզչություն են սկսել:
Հզոր «Սինալոա» կարտելի պարագլուխ Գաճաճը նախորդ շաբաթ կալանավորվել էր Մասաթլան քաղաքում: Այժմ գտնվում է հատուկ ռեժիմի բանտում, նրա ինքնությունն ամբողջությամբ հաստատված է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Սինալոայի մի քանի քաղաքների փողոցներում պաստառներ եւ թռուցիկներ են հայտնվել, որոնք քաղաքացիներին կոչ են անում մասնակցել թմրաբարոնի ազատումը պահանջող երթերին: Ընդ որում՝ կազմակերպիչները Գուսմանին «Սինալոայի հերոս» են անվանում:
Գաճաճին բռնել էին փետրվարի 22-ին` Մեքսիկայի Մասաթլան քաղաքում: Գուսմանն ընդգրկված էր ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի ամենափնտրվող հանցագործների ցուցակում: 1993թ. Գաճաճը ձերբակալվել էր եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Երբ Մեքսիկայի իշխանությունները վճռել էին նրան հանձնել ԱՄՆ-ին, նա սկսել էր պատրաստվել բանտից փախուստին: Գուսմանը մի քանի պահակների էր կաշառել եւ 2001 թ. հունվարի 19-ին փախել:




























