ԱՄՆ- ի Բոսթոն քաղաքի մոտի օդանավակայանից թռիչք եւ վայրէջք կատարող երկու օդանավերի «կուրացրել են» լազերով:
Երկու դեպքն էլ գրանցվել է փետրվարի լույս 26-ի գիշերը: Լազերով լուսավորվել են Delta ավիաընկերության օդանավը, որը Լոգան օդանավակայանից թռիչքի էր դուրս եկել տեղական ժամանակով 20:30-ին, եւ Jetblue ավիաընկերության օդանավը, որը Պրովիդենս-Բոսթոն երթուղին էր իրականացնում: Միջադեպերը իրարից 15 րոպե ընդմիջմամբ են կատարվել:
Օդանավերի անձնակազմերը կատարվածի մասին զեկուցել էին ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը (FAA), որն իրականացնում է միջադեպերի քննությունը: Բոսթոնից 12 կմ հեռվում գտնվող Նյուտոն քաղաքի ոստիկանությունը նույնպես սկսել է հետաքննությունը եւ կասկածյալների որոնումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով CBS-ը:
Ըստ ոստիկանության` լազերի ճառագայթներից մեկը արձակվել է տեղի այգիներից մեկից, սակայն ոստիկաններին չի հաջողվել ձերբակալել կասկածյալին: Հեռուստաալիքը նշում է, որ կատարվածից մի քանի ժամ անց մի վարորդ ոստիկանությանը հայտնել է, թե ինքը նույնպես դարձել է լազերով խուլիգանի զոհը: «Նա փողոցում մի մարդ էր նկատել, որի ձեռքին կանաչ լույս արձակող ինչ-որ սարք կար, որն ուղղել էր իր դեմքին: Այդ լույսը նրան կուրացրել էր», - հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Բրյուս Ապոտեկերը:




























