Երեւանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաեւ Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Լեհաստանի եւ Շվեյցարիայի դեսպանությունները (նստավայրը՝ Թբիլիսի):
Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը:
Այս կերպ ՀՀ քաղաքացիների համար վերանում է Թբիլիսիում Շվեյացրիայի դեսպանություն դիմելու անհրաժեշտությունը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում դիմումատուների համար:
Վիզաների հարցերում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ Լեհաստանի եւ Շվեյցարիայի միջեւ համապատասխան պայմանագիրը 2014թ-ի հունվարի 27-ին ստորագրել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը:




























