Շենգավիթի վարչական շրջանի դատարանի դատավոր Կուբանյանն իր լուման ունի, որ հասարակությունը խոր անվստահություն ունի դատարանների նկատմամբ: Այս մասին բաց-նամակ է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Նա դատավորին ուղղված բաց նամակում, մասնավորապես, գրել է.
«Հարգելի պարոն Կուբանյան, երեկ՝ փետրվարի 26-ին, մասնակցեցի մի դատավարության, որի դատավորը Դուք էիք, եւ ցավով արձանագրեցի, որ արդարադատության նկատմամբ մեր հասարակության կողմից ձեւավորված խոր անվստահության մեջ կա նաեւ Ձեր լուման:
Այդ համոզմանը եկա, երբ Դուք պարզապես թույլ չտվեցիք հայցվորի փաստաբանին խոսել այն մասին, որ պատասխանող կողմի՝ ի դեմս արդեն դատապարտված նախկին տնօրենի, կեղծ հրամանների տակ դրված ստորագրությունները վիճարկելի են:
Երբ փաստաբանը դատարանին ուզում էր ներկայացնել այն փաստը, որ մի այլ դատարանի վճռով պատասխանող կողմն արդեն դատապարտված է եւ իր մեղքն ամբողջությամբ ընդունել է ու պետությանը պատճառած վնասը հատուցել (իհարկե` մասնակի), Դուք, չեմ կարող բառացիորեն վերարտադրել, դա համարեցիք էմոցիոնալ զրույց: Տպավորություն ստացա, թե կաշկանդված եք ինչ-որ խոստումներով:
Հարգելի պարոն Կուբանյան, Դուք դատարանի որոշումն էմոցիոնա՞լ եք համարում»:
Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը դատապարտվել էր պետական միջոցներից խոշոր չափով գումար յուրացնելու համար: Օրերս նա ազատվել է նաեւ դպրոցի ուսուցչի պաշտոնից:




























