Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որի գտնվելու վայրը վերջին օրերին հայտնի չէր, Ռուսաստանում է: Այս մասին տեղեկացնում է rbc-ն՝ վկայակոչելով ռուսաստանցի խոշոր գործարարներից մեկին:

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը եւս հաստատել է, որ Յանուկովիչը ՌԴ նախագահի գործերի կառավարչի առողջարանում է:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մերձմոսկվայում Յանուկովիչի գտնվելու հնարավորության մասին լրագրողների հարցին պատասխանել է, թե այդ մասին ոչինչ չգիտի:

Ըստ rbc-ի` Յանուկովիչը Մոսկվա էր ժամանել փետրվարի 25-ի գիշերը: Նրան տեսել էին Radisson Royal հյուրանոցում (նախկին «Ուկրաինա» հյուրանոց), որտեղից հետո տեղափոխվել էր Բարվիխա, որտեղ գտնվում է «Բարվիխա» առողջարանը»:

Բացի դրանից հաղորդվում է, որ Յանուկովիչի մտերիմներից մեկը` Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, նույնպես կարող է Մոսկվայում լինել: Rbc-ի թղթակիցը Պշոնկային նման մի մարդու էր տեսել հյուրանոցի նախասրահում: 

Նշենք, որ ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազ Նիկոլայ Գոլոմշի` Յանուկովիչը, որի նկատմամբ Կիեւը միջազգային հետախուզում էր հայտարարել, դեռ Ուկրաինայի տարածքում է:

Հիշեցնենք, փետրվարի 22-ին Գերագույն  ռադան պաշտոնանկ էր արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, իսկ փետրվարի 26-ին նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:

Ուկրաինայում մայիսի 25-ին նախագահական նոր ընտրություններ են նշանակված: նախքան դա պետության ղեկավարի պաշտոնակատար է դարձել Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ  Ալեքսանդր Տուրչինովը: