Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը խիստ նվազեցրել է հայկական ապրանքների վաճառքն արտերկրում: Այս մասին այսօր` փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների միության  նախագահ Գագիկ Մակարյանը:

«Թարմ մրգերի, բանջարեղենի դեպքում էներգակիրների թանկացումն էականորեն չի ազդում գնի վրա, սակայն պահածոների եւ այլ ապրանքերի դեպքում ստիպված ենք բարձր գներով արտահանել, որն էլ նշանակում է` մեր ապրանքը դրսում պահանջարկ չի ունենում»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանը համոզված է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է վերանայի իր որոշումը՝ գազի գնի վերաբերյալ:

«Դիտարկենք օրինակ Մասիս քաղաքում գործող «Ալիշան» պահածոների գործարանը, որն իր արտադրանքը արտահանում է ԱՊՀ երկրներ: Գազի պատճառով գործարանը ստիպված էր փակվել: «Գազպրոմ Արմենիա»-ն պետք է հասկանա, որ իր կեցվածքը խանգարում է հայկական տնտեսությանը եւ եթե Ռուսաստանը բարյացակամ է վերաբերվում Հայաստանին, ուրեմն պետք է գազի գինն իջեցնի»,- նշեց Գործատուների միության նախագահը` ընդգծելով, որ հենց սկզբից Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հայտարարեցին, որ գազի գինը չի փոխվի, եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այնուհետեւ Գագիկ Մակարյանը նշեց, որ «Ալիշան» գործարանը միակ «տուժած» ընկերությունը չէ. «Մեզ արդեն մի շարք ընկերություններ են դիմել, որոնք բողոքում են «Գազպրոմ Արմենիա»-ի անօրինական քայլերից: Մենք այս պահին բանակցում ենք այդ ընկերության հետ եւ համաձայնության չգալու դեպքում կբարձրաձայնենք բոլոր այս խախտումների մասին»: