Հայաստանում «Էկոտոմատո» ՓԲԸ-ն ազատվում է ԱԱՀ-ից սարքեր ներկրելիս: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Ընկերությունը, որն արդեն վարդերի համար նախատեսված ջերմոցներ ունի Երեւանից ոչ հեռու գտնվող Գողթ գյուղում, 3,4 մլրդ դրամի սարքավորումներ կներկրի՝ ջերմոցներ ու օժանդակ նյութեր: Ընկերության ջերմոցային տնտեսությունն արդեն զբաղեցնում է հինգ հեկտար տարածք, ծրագրով նախատեսվում է կառուցել եւս երեք հեկտար ջերմոցային տնտեսություն: Ընկերությունը ծրագրում է տարեկան 6-7 մլն վարդ արտադրել: Նոր ջերմոցներում մոտ քառասուն նոր աշխատատեղ կստեղծվի:
Նախագիծը ֆինանսավորում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն: Ծրագրվում է վարդերն արտահանել Ռուսաստան, Վրաստան, Եվրոպա, մասնավորապես՝ Հոլանդիա:
Եվս մեկ որոշմամբ «Բիո գրուպ» ընկերությունն ազատվում է ԱԱՀ-ից՝ սարքավորումներ ներկրելու: Ընկերության ներդրումային ծրագիրը 120 մլն դրամից հասցվել է 780-ի: Ընկերությունը ծրագրում է ջերմոցը կառուցել Ջրվեժում ու աճեցնել վարունգ ու չորս տեսակի լոլիկ:



























