Մաքսային միությունը միայն ժամանակավորապես է լավ հեռանկարներ բացում հայ գործարարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Եթե մեր տնտեսությունը զարգացնենք, ապա ժամանակավորապես մեզ համար լավ կլինի Մաքսային միությունը: Բացատրեմ. մեր գործարարները խորհրդային մշակույթի մենեջերներ են: Բնակաբանար, նրանց հոգեհարազատ է ռուսական բիզնեսը. ռուսերեն գիտեն, Ռուսաստանում հազար անգամ եղել են, շատ ընկերներ ունեն այնտեղ: Մի խոսքով` ժողովրդական լեզվով ասած իրենց զգում են, ինչպես ձուկը ջրում»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, Գագիկ Մակարյանը համոզված է, որ այդ գործարարներին փոխարինում են նորերը, ովքեր ռուսամետ չեն. «Նույնիսկ ապրանքների տեսակներ կան, որոնք շուկայում ձեւավորվել են նոր սերնդի կողմից եւ անգլալեզու եւ եվրոպամետ երկրների համար են նախատեսված»:
Հայկական արտադրանքը Մաքսային միության երկրներում պահանջարկ կունենա միայն այն դեպքում, եթե հայկական կողմը ճիշտ պայմանագիր կնքի:
«Մեր մենեջերների մեծ մասը, որ եկել է խորհրդային տարիներից, կարծում է, որ ատկատ տալով կարող է լավ հարաբերություններ պահպանել, բայց դա այդպես չէ: Եթե ուզում ենք գոյատեւել, ապա պետք է ճիշտ բանակցենք, ճիշտ պայմանագիր կնքենք,- ընդգծեց Գագիկ Մակարյանը` ավելացնելով. «Եթե գործարարներին թվում է, թե նախկինի պես է լինելու, ազատ գնալու են գան, ինչ ուզեն անեն, ապա այդպես չի լինի: Մեր ապրանքը գետի պես չի հոսելու դեպի Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան»:
Գործատուների միության նախագահն օրերս մեկնելու է Բելառուս` քննարկելու բելառուսական կողմի հետ հայկական ապրանքների արտահանման հարցը:
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























