Անհնար է տասներորդ անգամ միեւնույն բանը կրկնել: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով երեք օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին:

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ լրագրողները ամեն պատմության երկար ու մանրամասն շարունակություն են ցանկանում: Սակայն իմ մամուլի քարտուղարը տվել է հստակ, սպառիչ մեկնաբանություններ՝ կապված տեղի ունեցածի հետ»,-ասել է նախարարը: Նմանատիպ պարզաբանումներ նախարարը երեկ տվել է նաեւ լրագրողներին:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին, երբ Թովմասյանը ոչ պատշաճ հայտարարություններ էր արել ոչ իշխանական ուժերի մասին, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը: Դրանից հետո նա հայտարարել էր, որ «ղալլաթ» բառը արաբերեն նշանակում է «սխալ», նշանակում է, որ իր արտահայտություններում որեւէ վիրավորական բան չի եղել:

Ի պատասխան ընդդիմության պատգամավոր, ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ հայերենում հայհոյանք համարվող «չաթլախ» բառը թուրքերեն ընդամենը նշանակում է «ճեղքված»: Այդ դեպքում նախարարն էլ չպետք է նեղանա, եթե իրեն այդպես կոչեն: