Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ, նախագահի եւ Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ՌԴ Սեւծովյան նավատորմի ղեկավարությանը նախազգուշացրել է Ղրիմում «ռազմական ագրեսիայի» հետեւանքների մասին, հայտնում է ՈՒՆՆ-ն:
Տուրչինովը Ուկրաինայի ուժային կառույցներին կոչ է արել օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները` քաղաքացիների պաշտպանության համար: Նա նաեւ ուկրաինացիներին կոչ է արել խուճապի չմատնվել եւ հանգստություն պահպանել: Նա իր հայրենակիցներին նաեւ կոչ է արել «պաշտպանել վարչական շենքերը` սադրիչներից եւ ծայրահեղականներից»:
Ըստ նրա` «այսօր` ժ. 05.00-ին, ինքնաձիգներով, ռումբերով եւ պայթուցիկներով զինված հանցագործները զավթել են Ղրիմի խորհրդարանի եւ կառավարության շենքը»:
Նախագահը նշել է, որ վարչական շենքերի զավթումները երկրում կդիտարկվեն` «որպես հանցագործություն Ուկրաինա պետության դեմ` դրանից բխող բոլոր հետեւանքներով»:
Տուրչինովը առանձին դիմել է նաեւ ռուս պաշտոնյաներին եւ զինվորականներին:
«Ես Ռուսաստանին խնդրում եմ հավատարիմ մնալ Ղրիմում Սեւծովյան նավատորմի հաստատման պայմանագրի բոլոր հիմնական պայմաններին… Ես դիմում եմ ՌԴ ղեկավարությանը` պահանջելով. Բոլոր զինվորականները պետք է գտնվեն պայմանագրի շրջանակներում նշված տարածքների սահմաններում: Սպառազինված զինվորականների ցանկացած տեղաշարժ մենք կդիտարկենք որպես ռազմական ագրեսիա», - նշել է նա, հայտնում է «cenzor.net»-ը:




























