Ոչ մեկն Ուկրաինային ԵՄ անդամակցություն չի առաջարկել ինչ-որ տեսանելի ապագայում, խոսվել է միայն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, միջկուսակցական խորհրդարանական խմբի ղեկավար Ջոն Վիթինգդեյլը:
«Ոչ մեկը չի ասել, որ Ուկրաինան կարող է անդամակցել ԵՄ-ին տեսանելի ապագայում, թեեւ այդ հարցը քննարկվել է Ասոցացման համաձայնագրի եւ Ազատ առեւտրի մասին համաձայնագրերի շրջանակներում: Ես կցանկանայի հույս ունենալ, որ նման համաձայնագիրը դեռ հնարավոր է, բայց ԵՄ անդամակցության հարց օրակարգում չկա: Կարծում եմ, դա շատ երկարաժամկետ նպատակ է»,-հայտարարել է բրիտանացի խորհրդարանականը:
Պահպանողական խորհրդարանականը նշել է, որ Ուկրաինան պետք է սերտ հարաբերություններ պահպանի եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի հետ:
«Ուկրաինան իր աշխարհագրական դիրքով եւ տնտեսական կապերով պետք է սերտ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: Դա խոշորագույն առեւտրային գործընկեր եւ աշխարհագրական հարեւան է, Ուկրաինայում մեծ թվով ռուսալեզու բնակչություն կա: Անկախ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ երկխոսության արդյունքներից, պարզ է, որ Ուկրաինան ստիպված է հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ելք գտնել, որը թույլ կտա Ուկրաինային պահպանել իր հարաբերությունները Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ»,-ասել է նա:
Խորհրդարանականի կարծիքով՝ ներկայումս առաջնային հարցը ՈՒկրաինային տնտեսական օգնության հատկացումն է, եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների առաջնորդները տարբեր տարբերականեր են քննարկում:
«Ուկրաինայի տնտեսությունը սարսափելի վիճակում է: Խնդրի լուծման առավել ճիշտ տարբերակը, կարծում եմ, ԱՄՀ փաթեթ հատկացնելն է, որպեսզի օգնենք այդ երկրին առաջ ընթանալ: Այս պահին պարզ չէ՝ Ռուսաստանը նախկինի պես առաջարկո՞ւմ Ուկրաինային օգնության այն փաթեթը, որի մասին խոսում էր նախկինում, եւ ինչ ձեւով: Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը կշարունակի օգնությունը՝ ուղղված ուկրաինական տնտեսության կայունությանն ու պաշտպանությանը, քանի որ այն հիմա շատ վտանգավոր վիճակում է»,-ասել է Վիտինգդեյլը:




























