Երեւանում, այսօր՝ փետրվարի 27-ին, պաշտոնապես ներկայացվել է «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը: Միջոցառումը կազմակերպել էր Հեյֆեր Հայաստանը՝ ԵՄ աջակցությամբ:
Ծրագրի ներկայացման ընթացքում Հեյֆեր Հայաստանի տնօրեն Անահիտ Ղազանչյանը նշել է, որ «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը նոր եւ եզակի մոտեցում է տարածաշրջանի մակարդակով զբոսաշրջությունը խթանելու ուղղությամբ:
«Ծրագրի արդյունքում կամրապնդվեն տարածաշրջանային համագործակցությունը եւ գործընկերական կապերը՝ ֆիզիկական եւ մարդկային ռեսուրսների ինտեգրացված օգտագործման եւ փորձի փոխանակման միջոցով, որի նպատակն է բարելավել զբոսաշրջության ոլորտի պրոդուկտների չափանիշները եւ ծառայությունների մատուցման որակը», ասել է Ղազանչյանը, հավելելով, որ համագործակցությունն աշխատում է երեք մակարդակներում:
«Նախ եւ առաջ մենք աշխատում ենք տեղական ծառայություններ մատուցողների հետ, ուսուցում ենք տրամադրում եւ զարգացնում նրանց հմտությունները արժեքային շղթաների, մարքեթինգի, բիզնես պլան գրելու, կառավարման եւ իրենց բիզնեսը վարելու ուղղությամբ, որից հետո էլ հիմնում ենք տեղական ծառայություններ մատուցողների տարածաշրջանային ցանց»,-ասել է Ղազանչյանն ու հավելել. «Հաջորդ մակարդակում մենք ընտրում ենք արդյունավետ գործող զբոսաշրջային գործակալություններ, որոնք պետք է աշխատեն տեղական ծառայություններ մատուցողների հետ, միասին մշակեն Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ, որը պետք է շուկա հանվի եւ գրավի ու զբոսաշրջիկներ բերի դեպի սեւծովյան ավազանի տարածաշրջան»
Վերջապես երրորդ մակարդակում, ըստ նրա, իրենք աշխատում են կրթական հաստատությունների հետ, որպեսզի զարգացնեն զբոսաշրջության ոլորտի կրթական ծրագիրը՝ տարածաշրջանային զբոսաշրջության գրավչության մոտեցումը ներդնելու եւ ներգնա տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման կարեւորությունը խթանելու միջոցով:
Հեյֆեր Հայաստանի տնօրենը շեշտել է, որ երրորդ մակարդակում ծրագիրն աշխատում է ներերկրային եւ տարածաշրջանի կառավարությունների հետ՝ համագործակցությունն ամրապնդելու եւ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Նա հավատում է, որ ծրագիրը շոշափելիորեն կնպաստի Հայաստանի եւ սեւծովյան ավազանի մյուս երկրների տնտեսական եւ սոցիալական զարգացմանը:
«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրն ուղղված է` միասնական ռեսուրսների հիման վրա սեւծովյան ավազանի չորս երկրների (Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա)՝ տնտեսական եւ սոցիալական զարգացման նպատակով տարածաշրջանային համագործակցության եւ անդրսահմանային գործընկերության զարգացմանը՝ գյուղական զբոսաշրջության ցանցերի ստեղծման միջոցով՝ միասնական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները եւ ավանդական պրոդուկտները խթանելու համար:
Ծրագրի շրջանակներում կստեղծվեն ուսուցում ստացած եւ հմտություններ ունեցող՝ գյուղական զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների եւ տուրիստական գործակալությունների ցանցեր, որոնք կմշակեն եւ կվաճառեն եզակի զբոսաշրջային պրոդուկտ՝ «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ» («ՏԱՄ» փաթեթ): Այն կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան եւ իր ներդրումը կունենա ներերկրային եւ ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջեւ աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատեւ արդյունքների ձեռք բերումը:
«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ 472,923.43 եվրո գումարի չափով Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի միջոցով: Ծրագիրը սկսվել է 2013թ. նոյեմբերին եւ կտեւի 18 ամիս:


























