Բացի «Ժառանգություն» եւ ՀԱԿ կուսակցություններից, խորհրդարանում ներկայացված մնացած ուժերը պատասխանատու են 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերի համար: Այս մասին փետրվարի 27-ի խորհրդարանի նիստում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա`քանի դեռ ՀՀԿ-ն խորհրդարանական մեծամասնություն է կազմում, բացառվում է, որ մարտի 1-ի դեպքերը քննող որեւէ հանձնաժողով կարողանա նպաստել սպանությունների բացահայտմանը եւ անկողմնակալ գնահատական տա: «Քանի դեռ դուք կաք, դուք չեք թույլ տալու բացահայտվի ձեր օրոք տեղի ունեցած սպանդը. սա քաղաքական այբուբեն է, մեղադրանք չէ»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ ժամանակ կար երկու կողմ. մի կողմից ողջ համակարգն էր՝ կազմված նախագահից, վարչապետից, քննչական ծառությունից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից, իսկ մյուս կողմից մարդիկ էին, որոնց բանտ էին նետել:
Անդրադառնալով նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին տրված հարցերի բովանդակությանը, Ա. Արզումանյանն ասել է. «Հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ընդդիմադիրները զենքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին, ու սա ասվեց բացահայտ, բայց գեթ մեկ հոգի չդատապարտվեց զենք ունենալու համար, էլ չեմ ասում կրակելու համար: Բա մի հատ հարցնեիք՝ այ, պարոն նախագահ, էդ ի՞նչ ես պատմում: Արտգործնախարար կար, որ նույնը տարածեց անգլերենով, սաղ աշխարհին բացատրեցիք, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով: Բա մի հատ հարցնեիք… Էդ հարցերը չեք տվել… Հիմա 27-ի գործով կասկածյալը հարցնում ա, թե ինչի՞ 27-ի գործով հանձնաժողով չստեղծեցիք, դե ստեղծի, ո՞վ ա ձեռքդ բռնել, ազնիվ ցուցմունք տուր, կարող է բացահայտվի»:
Սրան տեղից ինչ-որ ռեպլիկով արձագանքեց Հայկ Բաբուխանյանը, ինչին Արզումանյանը հակադարձեց. «Արա՛, ես նստելուց չեմ վախենում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա»:
Արզումանյանը կարծիք հայտնեց, որ այսօր խորհրդարանում բացի «Ժառանգություն»-ից եւ ՀԱԿ-ից, բոլորը Մարտի 1-ի կոծկման մասնակից են:
«Վաղը մնում է Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը ցույց անի: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել մարտի մեկին: Դուք էստեղ չորս անգամ օրենք եք փոխել, որ կարողանաք դատեք մեզ, մոռացե՞լ եք, հո լուսնից չե՞նք իջել, գիտենք»,-հայտարարել է Արզումանյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին իշխանությունը հրազեն է կիրառել անզեն մարդկանց դեմ, որի արդյունքում Երեւանի կենտրոնում զոհվել էր 8 ցուցարար եւ Ներքին զորքերի երկու ծառայող: Այդ սպանությունների համար մինչ այժմ ոչ ոք չի պատժվել:



























