Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը խախտել է իր երկրի արժեհամակարգը` պաշտպանելով Հայաստանում 2014թ. հունվարի 1-ից ընդունված կուտակային կենսաթոշակային նոր օրենքը: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով փետրվարի 21-ին Երեւանում տեղի ունեցած կենսաթոշակային երրորդ համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե Հայաստանի համար ինչքան կարեւոր է կենսաթոշակային բարեփոխումը։
«Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 15-ին հայտարարում է, որ ժողովրդի 80%-ը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին, իսկ օրեր անց Ջոն Հեֆերնը պաշտպանում է այս օրենքը: Հետաքրքիր է դեսպանի հայտարարությունը. Եկավ, կանգնեց Տիգրան Սարգսյանի կողքին ու գովաբանեց այս համակարգը` խախտելով իրենց իսկ երկրի արժեհամակարգն այն առումով, որ ԱՄՆ-ն ժողովրդավարական երկիր է, եւ կարեւորագույն որոշումներ կայացնելիս հաշվի է առնում իր ժողովրդի կարծիքը: Իսկ Հեֆերնը, իմանալով, որ հայ ժողովուրդը դեմ է կենսաթոշակային օրենքին, պաշտպանում է այն»,- ասաց նա:
Մակեյանի խոսքով` Ջոն Հեֆերնը պարզապես իրավունք չուներ նման հայտարարություն անել. «Դեսպանը թող գնա ու իր երկրի հարցերը լուծի. մեզ հետ գործ չունի»: «Անկախ այն ամենից, թե ինչ է մտածում ԱՄՆ դեսպանը, Հայաստանում կենսաթոշակային նոր օրենքը չպետք է ընդունվի»,- նշեց Մակեյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Երեւանում տեղի ունեցած Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել էր. «Այսպիսով, ի՞նչ կտա այս նոր համակարգը: Նոր կենսաթոշակային համակարգը.
1) կապահովի երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարեւորն է՝ երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,
2) ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,
3) կբարելավի հարկային վարչարարությունը եւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,
4) կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները»:
ԱՄՆ դեսպանի ելույթը բողոքի մեծ ալիք էր առաջացրել կենսաթոշակային նոր օրենքի դեմ պայքարողների շրջանում: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները բաց նամակներով դիմել էին Ջոն Հեֆերնին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























