Վարդան Պետրոսյանի վրայից կալանքը հանելու հարցը կախված չէ նրա հիվանդությունից, փետրվարի 27-ին կառավարության նիստից հետո հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Հարցին, թե Վարդան Պետրոսյանին հնարավո՞ր չէ հիվանդության պատճառով ազատ արձակել, Կոստանյանը պատասխանել է, որ խափանման միջոցը դրանից կախված չէ:
«Խափանման միջոցը կարող է ընտրվել կամ փոփոխվել 5 հիմնավորումներով: Եթե համապատասխան պաշտոնյաները վճռեն կասեցնել կամ փոփոխել խափանման միջոցը, դա կարվի, սակայն օրենքի սահմանված հիմնավորումների շրջանակում», - հայտարարել է Կոստանյանը:
2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղում բախվել էին երկու մեքենաներ: Յոթ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, նրանց թվում` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Տուժածներից երկուսը` Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները, մահացել էին: Վարդան Պետրոսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել:



























