Ուկրաինայում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին երկրի ԱԳՆ-ն նոտա է հանձնել՝ խնդրելով զերծ մնալ ՌԴ Սեւծովյան նավատորմի ստորաբաժանումների առաջխաղացումից, որը ժամանակավոր տեղակայված է Ուկրաինայի տարածքում, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Վորոբյովին  նոտա են հանձնել` Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ 1997թ. մայիսի 31-ին կնքված Բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրին (7-րդ հոդված) համապատասխան անհապաղ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ   խնդրել են զերծ մնալ Ուկրաինայի տարածքում ժամանակավորապես տեղակայված  ՌԴ Սեւծովյան նավատորմի զինվորական ստորաբաժանումների տեղաշարժից:

Առանձին նշվել է, որ ՌԴ-ն Բուդապեշտի 1994թ. դեկտեմբերի 5-ի հուշագրով պարտավորություն է ստանձնել հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը եւ գոյություն ունեցող սահմանները: