«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի մասնակցելու մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքին, քանի որ «ՀԱԿ-ը համագործակցում է 2008 թ. մարտի 1-ի ոճրագործների հետ»: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Պետրոս Մակեյանը:

«Մի քանի օր առաջ մեր կուսակցությունը որոշեց, որ մարտի 1-ի հանրահավաքին չենք մասնակցելու: Յուրաքանչյուրն իր օրն անցկացնելու է այնտեղ, որտեղ ցանկանում է: Ես օրինակ, այդ օրը լինելու եմ Մյասնիկյանի արձանի մոտ: Թե ինչու չեմ մասնակցում հանրահավաքին, ունեմ իմ բացատրությունը. ՀԱԿ-ն այսօր համագործակցում է այնպիսի ուժերի հետ, որոնք մեղավոր են 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի համար»,- ասաց նա:

«Նույն ԲՀԿ-ն 2008-ին օգնում էր Հանրապետական կուսակցությանը, կամ ՀՅԴ-ն: Այդ դեպքում ես ո՞նց կարող եմ գնալ ու կանգնել այդ մարդկանց կողքին»,- նշեց Մակեյանը:

Նշենք, որ մարտի 1-ին ՀԱԿ-ը Ազատության հրապարակում, իսկ Ազատամարտիկների ընդլայնված դաշինքը՝ Սարյանի այգում, նախատեսում են հանրահավաք՝ հարգելու 2008թ. մարտի 1-ին ցուցարարների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված 10 քաղաքացիների հիշատակը:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին իշխանությունը հրազեն է կիրառել անզեն մարդկանց դեմ, որի արդյունքում Երեւանի կենտրոնում զոհվել էր 8 ցուցարար եւ Ներքին զորքերի երկու ծառայող: Այդ սպանությունների համար մինչ այժմ ոչ ոք չի պատժվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am