Մոտ մեկ ամիս առաջ սպանված Մովսես Ներսիսյանի դին դեռ որոնում են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Դիտարկմանը, թե փրկարարական ծառայությունը դադարեցրել է Մովսես Ներսիսյանի դիակի որոնումները, Կոստանյանը հակադարձել է, որ որոնումները կշարունակվեն լիազորված այլ մարմինների մասնակցությամբ:

Հիշեցնենք, հունվարի 27-ին Երեւանում սպանվել էր Արթուր Սաֆարյանը (Թեւոսիկ մականվամբ հայտնի  «հեղինակության» եղբայրը): Ոստիկանությունը հայտնել էր, որ Սաֆարյանին Իսրայել Սարգսյանի պատվերով սպանել էր Մովսես Ներսիսյանը: Սպանությունից հետո Սարգսյանը Մովսես Ներսիսյանին հրավիրել էր Դավթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել էր նրան, իսկ դրանից հետո մարմինը տարել էր մոտակա Քանաքեռավան գյուղ եւ  նետել կոյուղու դիտահորը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am