«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին ահաբեկում են, հետապնդում եւ փորձում ճնշել: Այս մասին հայտնում է «Դեմ եմ» թիմը՝ հրավիրելով իրավապահ մարմինների, տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն այս երեւույթի վրա:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ցանկացած անդամի հանդեպ ահաբեկման ցանկացած փորձ՝ անհայտ կամ ինքնակոչ անձանց կողմից նրանց բնակարաններ այցելելը կամ հարեւաններից ու շրջապատից նրանց մասին անհարկի հետաքրքվելը, ավտոմեքենայով կամ առանց դրա քաղաքացիական հագուստով այս կամ այն ուժային կառույցի ենթադրյալ անդամների կողմից հետապնդումները, «թաղային հեղինակությունների» կամ քրեական տարրերի փողոցային ու խուլիգանական ռեսուրսների օգտագործումը, ֆիզիկական ցանկացած սպառնալիք, հոգեբանական ճնշումներ հեռախոսազանգերով, նամակներով կամ որեւէ այլ կերպ, ընդունվելու է որպես ոտնձգություն «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ու նրան սատարող ողջ հանրության հանդեպ:
Ոտնձգության կամ ահաբեկման ամենափոքր փորձի դեպքում անգամ ահաբեկողի կամ ահաբեկողների խումբը կարժանանա «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կողմից համարժեք հակահարվածի, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից որեւէ քայլ չձեռնարկվի այդ փորձերը դադարեցնելու, մեղավոր անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Արձանագրելու ենք բոլոր փորձերը, կիրառելու ենք ինքնապաշտպանության՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, ինչպես նաեւ անմիջապես հանրայնացնելու ենք ցանկացած, անգամ փոքր միջադեպը, այս ամենի հետ միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահելու իրավապահ մարմինների գործելաոճն ու վերաբերմունքը նշյալ դեպքերին ու մեր կողմից արված հայտարարություններին»,- ասվում է նախաձեռնության կայքում:



























