Թուրքիայի Դիարբեքիրի ներկայիս քաղաքապետ Օսման Բայդեմիրը, ով առաջիկա ընտրություններում Ուրֆայի  (Եդեսիա-խմբ) քաղաքապետի թեկնածու է առաջադրվել, նախընտրական արշավի ժամանակ հանդիպել է Ուրֆայի արաբ առեւտրականների հետ։

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել Ուրֆայում նախընտրական արշավից։ Լուսանկարում Օսման Բայդեմիրը արաբ առեւտրականների հետ թեյ է խմում նրանց տաղավարում։ «Ուրֆայում հանդիպեցինք մեր արաբ քաղաքացիների հետ։ Ջերմ ընդունելության համար շատ շնորհակալ եմ»,-գրել է Օսման Բայդեմիրն ի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ թուրքերի կողմից հայամետության մեջ մեղադրվող Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորգման համար հատկացրել էր 1 մլն լիրա, ինչը թուրքական հասարակության մեջ մեծ զայրույթ էր առաջացրել։

Օսման Բայդեմիրը մի քանի անգամ քրդերի անունից ներողություն է խնդրել 1915-ին հայկական կոտորածների քրդերի մասնակցության համար եւ Դիարբեքիրցի հայերի ժառանգներին հրավիրել ապրելու Դիարբեքիրում՝ խոստանալով հատկացնել նրանց կորցրած գույքը։