Վիկտոր Յանուկովիչը ՌԴ իշխանություններից խնդրում է ապահովել իր «անձնական անվտանգությունը ծայրահեղականների գործողություններից», որոնք «գրավել են» իշխանությունն Ուկրաինայում: Այս մասին ասվում է ուկրաինացի ժողովրդին ուղղված իր ուղերձում:

«Մեր երկրի շատ քաղաքների փողոցներում էքստրեմիզմի դրսեւորումներ են: Իմ, իմ կողմնակիցների հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր են հնչում: Ստիպված եմ ՌԴ իշխանություններից խնդրել ապահովել իմ անձնական անվտանգությունը ծայրահեղականների գործողություններից»,-ասված է Յանուկովիչի ուղերձում:

Յանուկովիչի խնդրանքը բավարարվել է ՌԴ տարածքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ իշխանության կառուցներում իր աղբյուրը:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Յանուկովիչը, հնարավոր է, գտնվում է Ռուսաստանում: RBK գործակալությունը, մասնավորապես, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Յանուկովիչին տեսել են Մոսկվայի «Ուկրաինա» հյուրանոցում, իսկ հետո Բարվիխում, որտեղ գտնվում է «Բարվիխի կլինիկական առողջարանը»:
Յանուկովիչը նաեւ հայտարարել է, որ նախկինի պես իրեն համարում է Ուկրաինայի օրինական նախագահ։ Այս մասին ասվում է ուկրաինացի ժողովրդին ուղղված նրա ուղերձում։ Յանուկովիչը ասել է, որ ինքը ներքաղաքական իրադարձություններին միջամտելու հրահանգ բանակին չի տվել։

«Ես որպես գործող նախագահ թույլ չեմ վել, որ Ուկրաինայի զինված ուժերը միջամտեն  ներքաղաքական իրադարձություններին։ Նույնը հրահանգում եմ նաեւ հիմա։ Եթե ինչ-որ մեկը նման հրաման տա տա Զինված ուժերին եւ ուժային կառույցներին, այդ հրամանները կլինեն ապօրինի եւ հանցավոր»- ասված է Յանուկովիչի ուղերձում։