Պաղեստինցիները մերժել են Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների նախորդ տարի ձեռք բերված 9-ամսյա ժամկետը երկարաձգելու հնարավորությունը: «Մենք հրաժարվում ենք շարունակել բանակցությունները 2014-ի ապրիլի 29-ից հետո»,-օտարերկրացի լրագրողներին հայտարարել է պաղեռստինյան պատվիրակության ղեկավար Սայիբ Արիկաթը:
Նշվում է, որ պաղեստինյան կողմը դրանով բացասաբար է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի առաջարկությանն այն մասին, որ ապրիլի 29-ին կողմերը կհանգեն միայն «շրջանակային համաձայնության», իսկ վերջնական փաստաթղթի մշակման եւ հաստատման համար «կպահանջվի եւս 9 ամիս, եթե ոչ ավելի շատ»:
«Ապրիլի 29-ից հետո անգամ մեկ ժամով բանակցությունների երկարաձգելը ոչնչի չի հանգեցնի, դա ժամանակի անօգուտ վատնում է, հաշվի առնելով, որ Իսրայելը շարունակում է խախտել միջազգային իրավունքը»,-ընդգծել է Պաղեստինի Ինքնավարության ղեկավարության ներկայացուցիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ ուղիղ բանակցությունները վերսկսվել էին նախորդ տարվա հուլիսին՝ եռամյա դադարից հետո, Ջոն Քերրիի նախաձեռնությամբ: Անցած 7 ամիսները, սակայն, ոչ միայն բեկում չառաջացրին, դեռ ավելի հեռացրին կողմերի դիրքորոշումները:




























