«Օրինաց երկիր» կուսակցության Երիտասարդական Միության նախագահ Արմեն Գեւորգյանը եւ Արտաքին քաղաքական կապերի պատասխանատու Էդգար Առաքելյանը նամակով դիմել են Գերմանիայի երիտասարդական միությանը (Junge Union Deutschlands) Հայոց Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանը նպաստելու համար:
Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Միսֆելդեր, թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել 2013թ. նոյեմբերի 15-17-ը Էրֆուրտ քաղաքում Գերմանիայի Երիտասարդական Միության կողմից կազմակերպված «Գերմանիայի օրվան» նվիրված համաժողովին հրավիրելու համար:
Որպես գործընկեր կազմակերպություն` մշտապես հետեւում ենք Ձեր կառույցի գործունեությանը: Բնականաբար, մեզ հետաքրքրում են Ձեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների ընթացքը, համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթություններում, ինչպես նաեւ Ձեր երկրի հարաբերությունները մեր գործընկեր եւ ոչ գործընկեր երկրների հետ: Այդ համատեքստում, հետաքրքրված ենք նաեւ Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկայիս ընթացքով, որը վերջին շրջանում ակտիվացել է ոչ միայն երկու երկրների առաջին դեմքերի, այլ նաեւ հասարակությունների անմիջական շփման մակարդակներում:
Հատկանշական է, որ երկկողմ հարաբերությունների քննարկման այս փուլում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր անմիջական ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի Հանրապետության հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրները: Ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչին` «…սթափություն ցուցաբերել 1915թ. մոտեցող 100-րդ տարելիցի հետ կապված Գերմանիայում նախատեսվող միջոցառումների համար բյուջեից գումարներ հատկացնելու հարցում», Գերմանիայի կանցլերը, հորդորելով իր թուրք գործընկերոջը «…լինել ավելի ժողովրդավարական, առերեսվել սեփական պատմության հետ եւ բացել Հայաստանի հետ սահմանը», վերահաստատեց ժողովրդավարական պետության քրիստոնեա-դեմոկրատական արժեքներով առաջնորդվող քաղաքական գործչի անվիճելի համբավը:
Իսկ Թուրքիայում ժողովրդավարության բացակայության, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ համամարդկային արժեքների անտեսման վերաբերյալ Բեռլինում «Թուրքիայի երիտասարդական միություն» պլատֆորմի կողմից վարչապետ Էրդողանի դեմ կազմակերպած բողոքի ակցիան խոսում է այն մասին, որ ժողովրդավարական Գերմանիայում երիտասարդությունն անտարբեր չէ համընդհանուր կարեւորության հիմնախնդիրների, պատմական անարդարությունների եւ մարդկության դեմ իրագործված հանցանքների նկատմամբ եւ պատրաստ է համախմբվել դրանց շուրջ ու պայքարել
99 տարի անընդմեջ, ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ու աշխարհի առաջադեմ մարդկությունը նշում է Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցը եւ սգում 1.500.000 հայ անմեղ նահատակների հիշատակը: Աշխարհի շուրջ 25 պետություններ եւ հարյուրավոր կազմակերպություններ պաշտոնապես ճանաչել են մարդկության պատմության ամենադաժան հանցանքներից մեկը` թուրքական կայսրությունում 1915թ. հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը:
Հարգելի պարոն Միսֆելդեր, որպես Եվրոպական Ժողովրդական Կուսակցության մեծ ընտանիքի անդամ եւ գործընկեր կազմակերպություն, ակնկալում ենք Ձեր գլխավորած Գերմանիայի Երիտասարդական Միության դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եւ ձեր կազմակերպության մասնակցության հնարավոր ձեւաչափը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:Միաժամանակ, սիրով հրավիրում ենք Ձեզ մեր երկիր ինչպես երկկողմ գործընկերային համագործակցության, այնպես էլ Ցեղասպանության հետ կապված քննարկումների եւ ս.թ. ապրիլի 24-ին նախատեսված հիշատակի միջոցառումների շրջանակներում:



























