Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը արդարացվել է Հանովեր քաղաքի դատարանի կողմից` 2003-2010թթ. Ներքին Սաքսոնիա դաշնային տարածքի վարչապետ եղած ժամանակ ծառայողական դիրքը չարաշահելու գործով:  Համապատասխան վճիռը կայացրել է դատավոր Ֆրանկ Ռոզենովը:

Հաղորդվում է, որ ավելի վաղ դատախազությունը քննել էր օրենքի խախտումը,  որը վերաբերում էր նախկին նախագահի եւ նրա գործարար եւ կինոպրոդյուսեր ընկեր Դավիթ Գրենեվոլդի հետ կապին:

Ըստ մեղադրող կողմի վարկածի` 2008թ. ձեռնարկատերը Վուլֆի եւ նրա նախկին կնոջ` Բետինայի փոխարեն  510 եվրո էր վճարել Մյունխենի հյուրանոցի սենյակի համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Սակայն, ըստ մեղադրող կողմի, նման ծառայությունը շահադիտական նպատակներով էր արվել: Հայտնի է, որ որոշ ժամանակ անց պետական պաշտոնյան  աջակցել էր Գրենեվոլդի նախագծերից մեկին:  Այդպիսով, իբր օգտագործել էին վարչական ռեսուրսը: 

Դատավարությունը սկսվել էր նոյեմբերի կեսերից եւ դարձել բացառիկ Գերմանիայի համար, քանի որ առաջին անգամ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել երկրի նախագահը:

Նշվում է, որ հենց բարեկեցիկ քաղաքացիների հետ ունեցած բարեկամական կապերն էին դարձել Վուլֆի վրա հասարակայնության եւ լրատվամիջոցների կողմից ճնշման պատճառը, որոնց հետեւանքով նախագահը 2012թ. սկզբին հրաժարական էր տվել: