Հայաստանի փորձաքննությունների ազգային բյուրոն, փետրվարի 26-ի երեկոյան ԱՄՆ-ի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) հետ անցկացրել է արդեն երրորդ, հեռուստակամուրջը փորձաքննությունների ոլորտում:

Հիշեցնենք, որ առաջին անգամ նման առցանց վեբինարը Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկու տասնյակ առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացել էր հունվարի 22-ին:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանի փոխանցմամբ՝ այս անգամ հեռուստակամուրջի թեման էր՝ քրեագիտական լաբորատորիաների աշխատանքի որակի բարձրացումը առանց լրացուցիչ բյուջետային միջոցների եւ մարդկային ռեսուրսների ներգրավման: Ինչպես եւ անցյալ վեբսեմինարին զեկուցողն էր՝ 16 տարվա աշխատանքային փորձ ունեցող ԱՄՆ Լուիզիանա նահանգի քրեագիտական լաբորատորիայի կառավարիչ Ադամ Բեսնելը:

Արդեն սովորական դարձած ձեւաչաձի շրջանակներում, 90 րոպեի ընթացքում զեկուցողը հասանելի ձեւով ներկայացրեց իրենց կազմակերպության մոտեցումները եւ լուծումները նշված խնդրի վերաբերյալ: Զեկույցի եւ քննարկման ավարտից հետո ներկայացվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխանեցին հեռուստակամուրջի մասնակիցները եւ ՓԱԲ-ի աշխատակիցները: Հաջորդ հեռուստակամուրջը կկայանա մարտի 12-ին, ինչպես նշեց կազմակերպության ղեկավար՝ Ա.Ջավադյանը: Այն կեզրափակի Փորձաքննությունների ազգային բյուրոյի եւ ASCLD -ի համագործակցության շրջանակներում իրականացվող թեմատիկ առցանց սեմինարների առաջին ցիկլը: Սակայն պլանավորվում է շարունակել հեռուստակամուրջը մոտ ապագայում: