Ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Ուկրաինայի հաղթանակը պատմական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար:

«Այս հաղթանակը պատմական նշանակություն ունի ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ամբողջ տարածաշրջանի եւ Վրաստանի համար: Կարծում եմ` կատարվածը Խորհրդային Միության  եւ խորհրդային մտածելակերպի տապալումն է», - ասել է Սահակաշվիլին` վրացական հեռուստաալիքի եթերում:

Ըստ նրա` Ուկրաինայի հեղափոխությունը մի քանի կարծրատիպ է կոտրել, առաջին հերթին «խախտվել է Ռուսաստանի ամենազորության մասին առասպելը»:

Ինչ վերաբերում է Ղրիմի իրադրությանը, ըստ քաղաքական գործչի, գլխավոր խնդիրն այնտեղ ռուսական ռազմակայանի ներկայությունն է:

«Այդ պատճառով էլ այնտեղ այդ հարցերն են, եւ այժմ ռուսները փորձում են ստեղծել նույն սցենարը, ինչ որ ժամանակին Ցխինվալում եւ Աբխազիայում:

Մենք Ռուսաստանի քթի տակից խլեցինք Աջարիան եւ Ջավախքը: Երկու տեղերում էլ ռուսական ռազմակայաններ կային: Եթե չլինեին վարդերի հեղափոխությունը եւ մեր կողմից իրագործած բարեփոխունները, այսօր Ռուսաստանը Աջարիան նույնպես կհայտարարեր անկախ, իսկ Ջավախքը կառանձնացներ», - նշել է Սահկաշվիլին:

«Արեւմուտքում նույնպես մարդկանց մի հատված կար, որը պատերազմում Վրաստանին էր մեղադրում, իսկ այժմ համոզվեցին, որ Վրաստանը կապ չուներ: Ես 2008թ. ասում էի, որ սկզբում դա տեղի կունենա Վրաստանում, հաջորդը կլինի Ուկրաինան: Այն ժամանակ կարծում էին, թե ես խուճապի եմ մատնվել:  Դա տեղի ունեցավ Վրաստանում, այժմ կատարվեց Ուկրաինայում: Արեւմուտքում նույնիսկ նրանք, ովքեր թերահավատորեն էին մոտենում մեզ եւ ասում, որ մեղավոր է խելագար Սահակաշվիլին, ներողություն են խնդրում», - ասել է նախկին նախագահը, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Վրաստանի համար այդ ամենը պատմական նշանակություն ունի, դա ոչ միայն ուկրաինացիների պայքարն է, այլեւ` մերը: Եթե ոլորեն ուկրաինացիների վիզը, Վրաստանն ընդհանրապես ապագա չի ունենա»,- եզրափակել է Սահակաշվիլին: