Սումգայիթում հայերի 1988թ. ջարդերը ոչ միայն հայերին են վերաբերում, այլեւ ողջ մարդկությանը մարդատյացության քաղաքականության հետեւանք էր: Այս մասին փետրվարի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա` Սումգայիթում եւ Խոջալուում կատարված դեպքերը ցեղասպանություն են սեփական ժողովրդի նկատմամբ, եւ այդ հանցագործությունները պետք է դատապարտվեն: «Սակայն Հայաստանը գործում է միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը արտասանում է «Հայաստան» բառը: Մինչդեռ, Ադրբեջանը հետեւողական քաղաքականություն է վարում եւ փորձում է հասնել Խոջալուում մտացածին «ցեղասպանության» ճանաչման, իսկ Հայաստանը չի քարոզում Սումգայիթի իրական դեպքերը», - նշել է նախկին օմբուդսմենը:
Ըստ նրա` Հայաստանում պետք է ավելի ակտիվ գործեն եւ իրենք բարձրացնեն այդ հարցը, քանի որ «Եվրոպան, նավթային շահերից ելնելով, տրամադրված չէ պատասխանատվության կոչ անել Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, իր փոփոխվող շահերով, մշտապես փոխում է տեսակետը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























