Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախըտրական հանրահավաքի ժամանակ կոչով դիմել է Գյուլենի շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Բուրդուր քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ անդրադարձել է ինտերնետում հայտնված գաղտնալսված հեռախոսազրույցներին՝ պնդելով, թե դրանք մոնտաժված են եւ իրեն սեւացնելու նպատակ ունեն։ Նա այդ գաղտնալսումների հրապարակման մեջ մեղադրել է Ֆեթուլլահ Գյուլնեին եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Առանց անուն տալու, Էրդողանը դիմել է Գյուլենին. «Հեյ, հոջա, (ուսուցիչ-խմբ) եթե սխալ չունես, ինչու ես մնացել Փենսիլվանիայում, քո հայրենիքը Թուրքիան է, խնդրեմ, արի Թուրքիա»։

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։