1988-ից սկսած՝ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ հիվանդության 1634 դեպք, որից 33ը` մինչև 18 տարեկանների մոտ, սակայն վարակակիրների իրական թիվը շատ ավելի մեծ է՝ մոտավոր հաշվարկով՝ 3500 մարդ։ Այս մասին փետրվարի 27-ին նշել է «Վորլդ Վիժն Հայաստանի» ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի համակարգող Անուշ Սահակյանը։

«Վարակակիրների 2/3-ը չգիտի հիվանդության առկայության մասին, քանի որ չեն հետազոտվում»,- ասաց Անուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ ՄԻԱՎ-ով վարակված մարդը եթե չի հետազոտվում, հիվանդության սկզբնական փուլում չի ունենում որեւէ արտասովոր զգացողություն: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը՝ 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ։ Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն լաբորատոր հետազոտությամբ: ՄԻԱՎ-ի հայտնաբերման ամենամատչելի մեթոդը իմունաֆերմենտային անալիզն է (ԻՖԱ):

Մարտի 1-ին՝ ՄԻԱՎ-ի միջազգային օրվան ընդառաջ, «Վորլդ Վիժն Հայաստանը» Երևանում և Գավառում «Պատմի՛ր ընկերոջդ»և «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» խորագրերով մի շարք միջոցառումներ է անցկացրել, որոնց նպատակն է հանրությանը, հատկապես երիտասարդների ուշադրությունը սևեռել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ –ի խնդիրներին և խրախուսել, որպեսզի հետազոտվեն։

«Միջոցառումներն անցկացրել ենք Երևանում և Գավառում, որտեղ սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողների թիվն առավելագույնն է»,- ասաց ծրագրի համակարգողը։

Միջոցառումներն իրականացվել են միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի փոխանցումը նվազեցնելու նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծված «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի, ինչպես նաեւ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց Միության աջակցությամբ: 2012-2014թթ. համար նախատեսված ծրագրի ֆինանսավորումը 1,217,951 եվրո է։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am