ԿԳՆ պատշգամբից ցած նետված Բնապահպանության նախարարության աշխատակից 22-ամյա Հայկ Հայրապետյանի մահվան դրդապատճառները շարունակում են մնալ առեղծված նրան ճանաչողների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝  Միշա Հայրապետյանը:

Նա տեղյակ է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հատկանիշներով, չի պատրաստվում այդ որոշումը բողոքարկել, քանի որ դա ոչինչ չի տա: «Ինչ պետք է անենք, ինչ էլ անենք, մեր երեխուն էլ հետ չենք բերելու, գիտեմ էնքան, ինչ կա լրատվամիջոցներում»,- ասաց Միշա Հայրապետյանը: Նա չի ցանկանում գնահատել կատարված քննության ընթացքը եւ արդյունքները, քանի որ որեւէ իմաստ չի տեսնում:

Հայրը շեշտեց, որ այդպես էլ իր համար անհայտ կմնան որդու ինքնասպանություն գործելու պատճառները: Նա նաեւ տեղեկացրեց, որ քննության ավարտից հետո որդու հեռախոսը, ժամացույցը եւ գրպանի գումարը փոխանցել են ընտանիքին:

Հիշեցնենք, որ  22-ամյա Հայկ Հայրապետյանի գործընկերները հարցաքննվել են: Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը նշել էր, որ իրավապահները մինչեւ այսօր իրեն չեն հանդիպել, անգամ Հայկի հեռախոսը իրեն չեն տրամադրել, որպեսզի իմանա, թե վերջին անգամ ում է զանգել եւ ում հետ է խոսել: «Միայն անձնագիրն է մեզ մոտ, որովհետեւ Երեւանի տանն էր մնացել: Բանկոմատի քարտն էլ չկա»,- նշել էր Հայկի հայրը եւ ավելացրել, որ մինչ օրս փորձաքննության պատասխաններն էլ չեն ստացել: Հայկը  Հայրապետյանը Բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից էր: Գործընկերները նրան բնութագրում են որպես պարտաճանաչ աշխատակից:

Քրեական գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, ըստ այդմ՝ քրեական գործ չի կարող հարուցվել կամ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը: