2008-ի մարտին դատարանները շատ հնարամիտ էին: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում 2008թ. մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իր նախաձեռնության քննարկման ավարտին հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ի դեպ, նախքան իր ելույթն սկսելը, Ջհանգիրյանը ամբիոնին մոտենալիս նայեց ԲՀԿ-ական պատգամավորների կողմը ու հարցրեց. «Բա ո՞ւր են, չկան», ինչին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Դուք կիմանաք` ուր են: Լավ էլ ջերմ շփվում եք»:

Իր ելույթում Ջհանգիրյանն ընդգծել է, որ իր հակառակորդներից շատերը մշտապես փորձում էին քաղաքականացնել հանձնաժողովը՝ չնայած իր հանգամանալի բացատրություններին:

Նա հավելել է, որ իր առաջարկած հանձնաժողովի նպատակը չի կրկնում 2008թ հունիսին նախորդ խորհրդարանի կողմից ստեղծված համանման հանձնաժողովի նպատակները: «Դրա աշխատանքի արդյունքները վստահություն չէին ներշնչում: Հատկանշական է, որ հանձնաժողովի կողմնակալ եզրակացությունների մասին ասվում էր ԵԽԽՎ Հայաստանի մոնիտորինգային խմբի համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի հայտարարություններում:   Բառացի չեմ հիշում, սակայն իմաստը երաշխավորում եմ», – հայտնել է Ջհանգիրյանը: Այնուամենայնիվ, հավելել է նա,  նոր հանձնաժողովի աշխատանքում պետք է օգտագործել ոչ միայն նախկին հանձնաժողովի եզրակացությունները, այլեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներինը», – հայտարարել է Ջհանգիրյանը:

Նա նշել է, որ մարտի 1-2-ի իրադարձություններից ամիջապես հետո վիրավոր իրավապահները խուսափում էին հիվանդանոց դիմել, որպեսզի իրենց  չգրանցեն որպես տուժած: 

«Ես տեղեկանք ունեմ, թե այն ժամանակ ինչպիսի վերքերով էին ընդունում բժշկական կենտրոններից մեկում: Համեմատեք, թե այդ մարդկանցից որքանն է տուժած ճանաչվում այժմ: Այդ տեղեկանքը մինչ այժմ ինձ մոտ է», – հայտնել է Ջհանգիրյանը:

Դատարանների գործողությունները այն ժամանակ նա անվանել էր «ստեղծագործական», այդ թվում իրեն դատապարտելու մասով: «Շատ հետաքրքիր ձեւակերպում էր, ձմռանը պատռել էի ոստիկանի ամառային հագուստի գրպանը»,-հայտարարել է Ջհանգիրյանը: Փոխարենը սպանությունների համար ոչ ոք չի դատապարտվել:

Հիշեցնենք, որ 6 տարի առաջ, 2008-ի մարտի 1-ին, Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ: Ընդդիմությունը չճանաչեց նախագահական ընտրությունների արդյունքները եւ 10 օր շարունակ, ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, շուրջօրյա խաղաղ ցույցեր էր կազմակերպում Երեւանում: Նրանք երթեր էին անցկացնում քաղաքում եր պահանջում չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունն ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում երկու ոստիկան: