Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ԿԳ նախարարության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
«Կրթական համակարգում շարունակվող բարեփոխումների արդյունքում մեր աշակերտները կստանան միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Մեր կառույցների միջեւ համագործակցությունն իսկապես սերտ է, ու ստորագրվելիք փոխըմբռնման հուշագիրը եւս մեկ փաստարկումն է առ այն, որ այն նաեւ ընդլայնման եւ էլ ավելի ամրապնդման հնարավորություններ ունի: Համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում կարվի առավելագույնը, որպեսզի համաձայնագրի շրջանակում նախատեսված բոլոր կետերն արդյունավետ կյանքի կոչվեն ու ստանան գործնական ընթացք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Անդրադառնալով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի, ինչպես նաեւ 2015թ. Երեւանում Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացմանը, Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նախարար Արմեն Աշոտյանի անմիջական դերակատարումը՝ միջազգային նման կարեւոր միջոցառումը Երեւանում անցկացնելու հնարավորությունը վաստակելու հարցում եւ ընդգծել է, որ այսկերպ միջազգային ասպարեզում եւս մեկ անգամ փաստվում է Հայաստանի մրցունակությունը: Քաղաքապետը նաեւ վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու գագաթաժողովի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին բարձր է գնահատել քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը եւ ընդգծել, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է. «Երեւանի քաղաքապետարանի կողմից այսօր իրականում լուրջ քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքի կրթօջախներում աշակերտների համար անհրաժեշտ պայմանների ու որակյալ կրթության ապահովման ուղղությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամության ու մշտական աջակցության համար եւ վստահեցնում եմ, որ մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի նախանշված բոլոր ուղղություններով ունենանք նշանակալի հաջողություններ: Անշուշտ Երեւանում միջազգային նշանակության նման միջոցառումների անցկացումը պարտավորեցնող է, այս դեպքում նաեւ եվրոպական կրթական տարածքի հանգրվան դառնալու տեսանկյունից, եւ ես համոզված եմ, որ Ձեր կողմից կարվի առավելագույնը՝ այն հավուր պատշաճի անցկացնելու համար»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպման շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են 2015թ. ՀՀ-ում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման շրջանակում զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակները:




























