Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակչության 99 %-ը ապահովված է խմելու ջրով, իսկ այսօր կառավարության մոտ գյուղի խմելու ջրի խնդրի մասին ահազանգող Մյասնիկ Պատվականյանը հոգեկան հավասարակշռության հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին NEWS.am-ին ասաց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը։

«Գյուղի երեւի 1 %-ը ջուր չունի, բայց գարունը բացվելուն պես շինարարական աշխատանքներ են սկսվելու։ Այն թաղամասը, որտեղ նախկինում ապրում էր այդ մարդ կոչեցյալը, 3 տարի առաջ սարերից 4 կմ ջրագիծ ենք բերել, որ մաքուր, ինքնահոս ջուր խմեն մարդիկ»,- ասաց Արծրուն Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ Մյասնիկ Պատվականյանի խոսքով, 20 տարի է ինչ գյուղի թաղամասերից մեկում խմելու ջուր չկա, իսկ գյուղապետը նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի հետ վաճառել է ջրագծերի համար նախատեսված ջրի խողովակներն ու գումարը յուրացրել։ Գյուղապետը այս տեղեկությունը հերքեց։

«Հիմարություն է, նման բան չի եղել։ Ինչի՞ մասին է խոսքը, ընդհակառակը, մենք հիմա ունենք  պահեստավորված խողովակներ, որ գարունը բացվելուն պես շինարարությունը շարունակենք»,- ասաց գյուղապետը։

Գյուղապետի խոսքով՝ Մյասնիկ Պատվականյանը մի քանի տարի է, ինչ ապրում է Երեւանում. «Ովքեր, որ գյուղում են ապրում, չեն բողոքում, ինքը որ Երեւանում է ապրում, ամեն ինչից անտեղյակ եկել բողոքում ա»։

Արծրուն Ղարիբյանը պատմեց, որ 5 տարվա ընթացքում գյուղում կառուցվել է 10 կմ ջրագիծ, եւ գյուղն ապահովված է խմելու ջրով։