Հայաստանի որոշումը՝ միանալու Մաքսային միությանը եւ Վրաստանի որոշումը՝ Ազատ առեւտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Վրաստանի հետ համատեղ ասուլիսում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի ելույթը.

«Ողջունում եմ բարեկամ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել Ձեզ Վրաստանի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վերահաստատել Ձեզ հետ բարեկամության եւ ներդաշնակության ոգով աշխատելու մեր պատրաստակամությունը: Մենք անչափ կարեւորում ենք Ձեր այցը Հայաստան, որի շրջանակներում ունեցանք գործնական եւ արդյունավետ բանակցություններ, քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը:

Մենք ավանդաբար մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական կապերի զարգացմանը: Հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են եւ տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին: Հայ-վրացական գործընկերության հետեւողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն բաղադրիչներից է:

Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում: Նկատելիորեն ակտիվացել են փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն են: Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով մեկ եւ 15 նախարարական այցելություններ: Կարծում եմ, որ սա լավ քանակ է եւ խոսում է մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Իսկ ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթան է տնտեսական համագործակցության աշխուժացման համար:

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության բնագավառում ձեւավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ Երեւանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները: Մենք պարոն Նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալու Մաքսային միությանը եւ Վրաստանի որոշումը՝ Ազատ առեւտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարեւորում եմ անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առեւտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձեւավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014թ. մարտի 21-ին, Երեւանում:

Անդրադարձանք նաեւ Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները եւ հետագա ծրագրերը, անշուշտ նաեւ այն փաստարկների եւ մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ միանալու Մաքսային միությանը:

Անդրադարձանք հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին, որպես տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման կարեւոր բաղադրիչի:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կատարեցինք նաեւ միջազգային հարթակներում համագործակցության վերլուծություն եւ կարեւորեցինք այդ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշման պահպանումն ու զարգացումը:

Վրաստանի Նախագահի հետ միակարծիք էինք, որ, բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Անշուշտ քննարկեցինք նաեւ կրթամշակութային համագործակցության հարցեր եւ արձանագրեցինք, որ այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ եւ վրաց ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգեւոր եւ մշակութային արժեքների ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել եւ ամրապնդել:

Ես խնդրեցի պարոն Նախագահին, որպեսզի իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար:

Ամփոփելով խոսքս՝ թույլ տվեք վստահություն հայտնել, որ այս այցը որակական լիցք կհաղորդի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական եւ ինչու ոչ՝ եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք իրացմանը»: