Գյուլբենկյան փողոցում փետրվարի 27-ին աղբամանում հայտնված, ապա կենդանաբանական այգի տեղափոխված վագրանախշ պիտոնը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկի տնից է փախել, քանի որ օձի այդ տեսակից Հայաստանում չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենդանաբան Կարեն Մարտիրոսյանը:
«Ոչ թունավոր օձի տեսակ է, բայց դա արտառոց երևույթ է, որ արևադարձային օձը հայտնվել է աղբամանի մեջ: Հայաստանում այդ օձից չկա: Ամենամոտիկ տեղը, որտեղ այդ կենդանին ապրում է, Հարավարևելյան Ասիան է: Երևի ինչ-որ մեկի տնից փախել է, որովհետև դա արժեքավոր օձ է, դժվար թե դեն գցեին: Բացի այդ, այս եղանակին այդ օձը չէր կարող երկարատև ճանապարհորդության գնալ»,-ասաց կենդանաբանը՝ նշելով, որ Հայաստանում օձերը կաշխուժանան միայն ապրիլի կեսերից:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին, ժամը 12.10-ին Հայաստանի ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Գյուլբենկյան փողոցի թիվ 26 շենքի բակի աղբամանում նկատվել է օձ: Դեպքի վայր էր մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները մոտ երկու մետր երկարությամբ վագրանախշ պիտոնին տեղափոխել էին կենդանաբանական այգի:
































