Երեւանի 34-ամյա բնակիչ Տիգրան Ն.-ն մեղադրվում է հեռախոսահամարի շուրջ ծագած վեճի ժամանակ Արփիկ Խ.-ին հրելու, գցելու եւ առողջությանը վնաս հասցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունիսի 27-ին ժամը 14:30 սահմաններում: Տիգրան Ն.-ն Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում գտնվող աղյուսի գործարանի մուտքի դարպասի մոտ հեռախոսահամարի հարցի շուրջ վիճաբանել է Արփիկ Խ.-ի հետ, որի ժամանակ հրել է նրան, իսկ վերջինիս կորցնելով հավասարակշռությունը` վայր է ընկել, գլխով հարվածել գետնին: Արփիկ Խ.-ն ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, թեթեւ աստիճանի սալջարդ:

Տիգրան Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 4-ին: