Երեւանի Մարգարյան փողոցի 33-ամյա բնակիչ Արմեն Ա.-ն մեղադրվում է ոստիկաններին հայհոյելու ու ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Արմենը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, քարերով հարվածել է Վ. Զախարյանի բնակարանի պատուհաններին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանություն: Ճանապարհին Արմենը չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, քաշքշելով, հայհոյանքներ տալով ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել վերջիններս եւ մի քանի անգամ փորձել փախուստի դիմել:

Արմեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Արմեն Ա.-ն կալանավորված է:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարան: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 5-ին: