Ղրիմի նոր վարչապետ է նշանակվել Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, «Ռուսական միասնություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Ակսենովը:

Նշանակումից հետո Սերգեյ Ակսենովը հաղորդել է, որ երկրի լեգիտիմ նախագահ է համարում Վիկտոր Յանուկովիչին ու մտադիր է նրան ենթարկվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Վստահ եմ, Ռուսաստանը մեզ համար այս բարդ ժամանակներում օգնության ձեռք կմեկնի ու կնպաստի, այդ թվում նաեւ ֆինանսական տեսակետից, որպեսզի Ղրիմն այսօր կարողանա իր քաղաքականությունը կառուցել: Մենք վստահ ենք, որ մենք բոլորս կարող են վերականգնել մեր ժողովրդական տնտեսությունը… Տվյալ դեպքում իրավաբանորեն դեռ ընտրված նախագահ է համարվում պարոն Յանուկովիչը, եւ տվյալ դեպքում այդ համաձայնությունները նրա միջոցով են անցկացվել»,- ասել է Ակսենովը լրագրողներին:

«Գլխավոր կոմիտեն» հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում Ուկրաինայի նախագահի մշտական ներկայացուցիչ է նշանակվել «ՈւԴԱՌ» կուսակցության պատգամավոր Սերգեյ Կունիցինին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փետրվարի 27-ին Ղրիմի ինքնավար հանրապետության խորհրդարանը ցրել է կառավարությունն ու ինքնավարության լիազորությունների ընդլայնման վերաբերյալ հանրաքվեն նշանակել է մայիսի 25-ին:

Մինչ այդ, ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, մարդիկ, ովքեր ցույցի են հավաքվել Ղրիմի խորհրդարանի մոտ, դժգոհ են, որ իրավասությունների ընդլայնման հանրաքվեին պետք է երեք ամիս սպասեն: Միեւնույն ժամանակ Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը նշել է, որ հանրաքվեին պետք է նախապատրաստվել: