«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ կրկին քննարկում էր 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որը ներկայացրել էր ՀԱԿ խմբակցությունը, եւ որին միացել էին նաեւ ոչ իշխանական մյուս՝ «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունները
Ամենաբուռն, լարված եւ անկեղծ ելույթը, թերեւս, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանինն էր, ով նախ հայտարարեց, թե իր համար անհասկանալի են այս փուլում հանձնաժողովի ստեղծման դրդապատճառները, եւ որ այն ավելի շուտ գոլորշի բաց թողնելու միջոց եւ անիմաստ քայլ է:
Ա. Արզումանյանը զարմանք հայտնեց, թե այդ նախագծի հիմնական զեկուցող ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին բազմաթիվ ու բազմապիսի հարցեր են տալիս, «մինչդեռ պետք էր հարցեր տալ Ռոբերտ Քոչարյանին, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ընդդիմադիրները զենքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին: Սա ասվեց բացահայտ, բայց գեթ մեկ հոգի չդատապարտվեց զենք ունենալու, էլ չեմ ասում՝ կրակելու համար: Բա մի հատ հարցնեիք՝ այ, պարոն նախագահ, էտ ի՞նչ ես պատմում»,- հայտարարեց Ա. Արզումանյանը:
Այնուհետեւ խոսքն ուղղելով անմիջապես իր դիմացը՝ առաջին շարքում նստած ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին՝ Ա. Արզումանյանը հայտարարեց. «Արտգործնախարար կար, որ նույնը տարածեց անգլերենով, սաղ աշխարհին բացատրեցիք, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով: Բա մի հատ հարցնեիք»:
Ա. Արզումանյանի այս խոսքերից հետո բավականին այլայլվեց Վ. Օսկանյանը: Նա նույնպես հերթագրվել էր, որ ելույթ ունենար, սակայն իր նախկին ղեկավարի այս հայտարարությունից հետո նրա համար դժվար կլիներ բացատրել, թե ինչու է կողմ, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, առավել եւս, որ բացահայտվեն ու պատժվեն մեղավորները: Եվ պարոն Օսկանյանը հրաժարվեց իր ելույթից, հետո բացատրեց, թե «դրա կարիքը չկար»»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























