Զինված անձինք, որոնց կասկածում էին Ղրիմի Սիմֆերոպոլի օդանավակայանը գրավելու մեջ, լքել են այն: Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Իգոր Ստրատիլատին:
Ըստ նրա` փետրվարի 28-ի գիշերը օդանավակայանի տարածք էին ներխուժել ռուսական դրոշներով 50 մարդ: Նրանք փորձել էին գրավել շենքը, որոշելով, որ այնտեղ «ուկրաինական դեսանտ» է իջեցվել, սակայն այնուհետեւ ամեն ինչ պարզելով, «ներողություն էին խնդրել եւ հեռացել», հայտնում է «Էխո Մոսկվին»:
Այդ ամբողջ ժամանակ օդանավակայանն աշխատում էր բնականոն ռեժիմով, ընդգծել է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ ըստ ականատեսների, փետրվարի 27-ի երեկոյան Սիմֆերոպոլի օդանավակայանին էին մոտեցել 150 զինված մարդիկ` չորս «Կամազներով»: Նրանք խոսել էին «ռուսական ակցենտով», քննարկել` որտեղ են տեղակայվելու, եւ պատրաստվել էին մինչ առավոտ ինչ-որ բան լուծել:
«Ինտերֆաքս» գործակալության աղբյուրները հաստատել են, որ այդ մարդիկ զինված եւ հագնված են եղել այնպես, ինչպես փետրվարի 27-ի առավոտյան Ղրիմի խորհրդարանի եւ կառավարության շենքերը գրաված մարդիկ:




























