Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ «Սպրավեդլիվայա Ռոսիա» ռուսական կուսակցությունը առաջարկում է փոփոխություններ կատարել 2001թ.  ՌԴ նոր սուբյեկտի ձեւավորման կարգի մասին օրենքում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով  ռուսական Պետդումայի մի շարք աղբյուրներ: 

Օրենքը սահմանում է, որ այլ երկրի կամ նրա մի մասի` ՌԴ-ին միանալու որոշումը իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ, որը հաստատվում է միջազգային պայմանագրով, հիշեցնում է հրատարակչությունը: Նոր տարածքի միավորման վերաբերյալ փոփոխություններից հետո բավական կլինի «ժողովրդի կամքը», որը կարող է արտահայտվել, օրինակ, հանրաքվեի ընթացքում: 

Բացի դրանից, մշակվում է ԱՊՀ քաղաքացիներին ռուսական քաղաքացիություն տրամադրելը հեշտացնելու հարցը: Ըստ «Եդինայա Ռոսիայից» Պետդումայի առաջին խոսնակ Ալեքսանդր Ժուկովի` համապատասխան որոշում են փորձում  գտնել ոչ միայն Դումայի խմբակցությունները, այլեւ նախագահի աշխատակազմը եւ կառավարությունը: 

Պետդումայում պարզաբանել են, որ Մոսվայի հետագա գործողությունները կախված կլինեն Կիեւից: Ուկրաինա ուղարկված օրինագծերը կարող են նոր իշխանությանը ճնշելու միջոց դառնալ, նշել են աղբյուրները, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  «Կոմերսանտը»:

Հիշեցնենք, որ Ղրիմի իշխանությունները փաստացի  հրաժարվել են ճանաչել Ուկրաինայի նոր ղեկավարությանը, հայտարարելով, որ երկրի օրինական նախագահը Վիկտոր Յանուկովիչն է: Փետրվարի 27-ին Ինքնավար Հանրապետության վարչապետ ընտրված Սերգեյ Ակսենովը հայտարարել էր, թե Ռուսաստանի աջակցության  հույս է տածում, այդ թվում նաեւ` նյութական: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հանձնարարել է կառավարությանը պատասխան պատրաստել` տարածաշրջանին հոմանիտար օգնություն կազմակերպելու վերաբերյալ Ղրիմի իշխանությունների խնդրանքին: