«Հրապարակ» թերթը գրում է. «ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը երեկ «բացահայտել» է ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանի իրական դեմքը։ Նա գրել է. «Ես անցել եմ ողջ պատերազմը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետեւ՝ ՊԲ հրամանատարների առաջին սերնդից եմ։ Ապա մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել ՊԲ ամենախոշոր զորամասերը... ո՛չ Վանաձորի, ո՛չ էլ որեւէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել եւս՝ «դաշտային հրամանատարի» չեն ճանաչում։ Եվ ընդհանրապես՝ ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ ՀՀ զինկոմիսարիատը... սրան «Խորհրդում» ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց։
Սա է Սուրեն Սարգսյանը, ով անբարեխիղճ ու անպատասխանատու լրագրողների օգնությամբ դարձավ ո՜չ ավել, ո՛չ պակաս՝ «դաշտային հրամանատար», այսօր էլ մարտի 1-ին ժողովրդին հրապարակ է հրավիրում, իսկ իշխանություններին էլ սպառնում տասնապատիկ ուժգնության հակահարվածով»:



























