Չեմ պատրաստվում արդարանալ կամ ասել՝ կռվել եմ, չեմ կռվել, բայց ես երբեք հրամանատար չեմ եղել, շարքային կռվող էի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի՝ իր մասին հայտնած կարծիքին: «Վարդան Ավետիսյանը Սերժիկ Սարգսյանի «դվայուռնի» քրոջ տղան է:
Գող, ավազակ, հանցագործ, ստոր մարդ է, իր քրոջ տղեն ի՞նչ պետք է լինի: Իմ ընկերներից լուրջ մարդիկ չհիշեցին դա ինչ է, գեներալ է, գեներալ չի, կռվի դաշտում ի՞նչ է արել, ո՞վ է եղել: Ես չեմ պատրաստվում արդարանալ կամ ասել՝ կռվել եմ, չեմ կռվել: Նախ՝ ես երբեք հրամանատար չեմ եղել, ես եղել եմ շարքային կռվող եւ մեր տղաներն էլ շատ լավ գիտեին, որ ես հրամանատար չեմ, բայց որոշվեց, որ մենք միասին պետք է ճանապարհ անցնենք: Կար հրամանատարների խորհուրդ, որտեզ ընդգրկվեցի ես, բայց դաշտային հրամանատար չեմ եղել, որտեղի՞ց է վերցրել: Եւ հետո, ես Վանաձորում չեմ ծնվել եւ չեմ ապրել, ոտքից գլուխ սերժական մոտեցում է: Չեմ ուզում իր բառով ասեմ, որովհետեւ երբեմն թափթփուկ բառը կարող է լավ իմաստ ունենալ»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր. «ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը երեկ «բացահայտել» է ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանի իրական դեմքը։ Նա գրել է. «Ես անցել եմ ողջ պատերազմը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետեւ՝ ՊԲ հրամանատարների առաջին սերնդից եմ։ Ապա մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել ՊԲ ամենախոշոր զորամասերը... ո՛չ Վանաձորի, ո՛չ էլ որեւէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել եւս՝ «դաշտային հրամանատարի» չեն ճանաչում։ Եվ ընդհանրապես՝ ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ ՀՀ զինկոմիսարիատը... սրան «Խորհրդում» ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց։ Սա է Սուրեն Սարգսյանը, ով անբարեխիղճ ու անպատասխանատու լրագրողների օգնությամբ դարձավ ո՜չ ավել, ո՛չ պակաս՝ «դաշտային հրամանատար», այսօր էլ մարտի 1-ին ժողովրդին հրապարակ է հրավիրում, իսկ իշխանություններին էլ սպառնում տասնապատիկ ուժգնության հակահարվածով»:



























