«Չենք վճարելու հիմա, չենք վճարելու երբեք, ձեռքներդ հեռու հղիների գրպաններից»  «Ֆեյսբուքում» ձեւավորված խումբը այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 13.00-ին, բողոքի ակցիա է անցկացնելու Առողջապահության նախարարության դիմաց: Այս մասին ասված է տվյալ խմբում:

«Հարգելի ընկերներ, հաշվի առնելով առողջապահության նախարարության վերջին հայտարարությունը, համաձայն որի, մարտի 1-ից առողջապահության ոլորտում մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի, կարեւոր ենք համարում արտահերթ բողոքի ցույց կազմակերպելը Առողջապահության նախարարության շենքի առջեւ եւ բացատրություն պահանջելը այդ որոշման առնչությամբ:  Այդ փոփոխությունների թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները եւ հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: Եվ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ:

Թեեւ Ա.Ն-ը երեկոյան հայտարարություն հրապարակեց, համաձայն որի՝ հղիների համար հավելավճարներ չեն գանձվի, մենք մեր անվստահությունն ենք հայտնում այս որոշման հանդեպ՝ մտավախություն ունենալով հետագայում դրանց կրկին ներմուծման համար, ինչպես նաեւ անընդունելի ենք համարում առհասարակ մինչեւ հիմա անվճար ծառայությունների համար վճարներ սահմանելը:

Հասկանալի պատճառներով անընդունելի համարելով այս ամենը կոչ ենք անում բոլորիդ փետրվարի 28-ին , ժամը՝ 13:00-ին լինել Առողջապահության նախարարության շենքի առջեւ՝ ոլորտի պատասխանատուներին ցույց տալու մեր դժգոհությունը սույն որոշման վերաբերյալ եւ պահանջելու կասեցնել այն»: